Ամեն ինչ Հայաստանի մասին: Համահայկական և համամարդկային տարբեր խնդիրների քննարկում, տարատեսակ կարծիքների, տեսկետների, իրադարձությունների և նորությունների վերլուծություն: Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածների հրապարակում ու վերլուծում:

суббота, 7 января 2012 г.

Տիգրան Մեծ


Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ)  (մ. թ. ա. 140-մ. թ. ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ. թ. ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ. թ. ա. 83-մ. թ. ա. 69), մ. թ. ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:
Տիգրան Մեծը փաստորեն հիմնադիրն էր Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տիրության: Նրա տիրության քայքայումից հետո Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմը:



Կենսագրություն

Վաղ տարիները

Տիգրանի վաղ տարիները համընկել են Պարթևական թագավորության հզորացման հետ: Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով Մարաստանը, Ատրպատականը և Միջագետքը: Հավանաբար մ.թ.ա. 113-112թթ.-ին պարթևական Միհրդատ Բ թագավորը կռվել է նաև հայոց թագավոր Արտավազդ Ա-ի դեմ. թեև, ըստ Ստրաբոնի վկայության [1], պարթևները չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ Միհրդատ Բ-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին : Տիգրան Ա-ի մահից հետո` մ.թ.ա. 95թ.-ին, զիջելով Միհրդատ Բ-ին Մեծ Հայքի հարավ-արևելյան շրջանները՝ 70 հովիտները, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը [2]:
Դառնալով հայոց արքա քառասունհինգ տարեկան հասակում՝ Տիգրանն անմիջապես ձեռնամուխ է լինում հայկական պետության և բանակի ամրապնդմանը: 94 թ. նա գրավում և Մեծ Հայքին է միացնում Ծոփքի թագավորությունը՝ զրկելով գահից Արտանեսին Զարեհի սերնդից [2]: Դրանով իսկ Տիգրան Մեծն ավարտեց հայկական հողերի մեծագույն մասի միավորման պրոցեսը, որը սկսել էր նրա պապ Արտաշեսը: Սակայն նրա թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության:

Դաշինքը Պոնտոսի հետ

Մ.թ.ա. II դարի վերջից Միհրդատ VI Եվպատորի օրոք խիստ հզորացավ Պոնտոսի թագավորությունը: Միհրդատն իր տիրությանը միացրեց Փոքր Հայքը, Կողքիսը, Բոսփորը և Սև ծովի հյուսիսային ափերին գտնվող հունական գաղութ-քաղաքները: Արդյունքում համեմատաբար փոքր թագավորությունից Պոնտոսը վերածվեց բավականաչափ ազդեցիկ ռազմա-քաղաքական ուժի, որի առաջնահերթ նպատակը պայքարն էր Հռումի տարածման դեմ Փոքր Ասիայում:
Մ.թ.ա. 94-91թթ.-ին Տիգրանը ռազմաքաղաքական դաշինք է կնքում Միհրդատի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր Կլեոպատրայի հետ [3]: Մ.թ.ա. 93-91թթ.-ին երկու արքաները վճռականորեն պայքարել են Կապադովկիայում հռոմեական տիրապետության դեմ, ինչը կարող էր լուրջ սպառնալիք ստեղծել Հայաստանի համար արևմուտքից, իսկ Պոնտոսի համար հարավից: Մ.թ.ա. 93թ.-ին հայ-պոնտական զորքերը ներխուժում են Կապադովկիա: Տեղական արքա, Հռոմի դաշնակից Արիոբարզան Ա-ն իր ունեցվածքով ու արքունիքով փախչում է Հռոմ [4]: Տիգրանը Կապադովկիայում գահ է բարձրացնում Գորդեոսին: Ի պատասխան Հռոմեական Սենատը արևելք է ուղարկում Լուցիոս Կոռնելիուս Սուլլային: Մ.թ.ա. 92թ.-ին նրա լեգեոնները ջախջախում են հայկական զորքերը և Կապադովկիայի գահին վերականգնում Արիոբարզանին [5]: Կապադովկիական կռիվներում, ըստ նախօրոք կայացված համաձայնության, Տիգրանը ստանում է ողջ շարժական ավարը և գերիներին, որոնք բնակեցվում են Հայաստանի քաղաքներում:

Արշավանքներ պարթևների և սելևկյանների դեմ

Տիգրան Մեծի կայսրությունը

Մ.թ.ա. 88թ. Պարթևաստանի արքա Միհրդատ Բ-ի մահից հետո պարթևական տերությունը նկատելիորեն թուլանում է, որից էլ չի հապաղում օգտվել Տիգրան Մեծը: Ենթադրվում է, որ պարթևների դեմ պատերազմից առաջ Տիգրանը նախ ապահովում է իր թիկունքը՝ հպատակեցնելով Վիրքը և Աղվանքը:մ.թ.ա. 87-85թթ Պարթևաստանի դեմ մղված պատերազմում Տիգրան Մեծը գրավում է ոչ միայն յոթանասուն հովիտները, այլև Միգդոնիան, Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները: Հայկական զորքերը մոտենում են Մարաստանի մայրաքաղաք Եկբատանին (ժամանակակից Համադան), որն հանդիսանում էր պարթև թագավորների ամառային նստավայրը, և հրի մատնում դրա մերձակա ամրությունների մի մասը: Պարթևները ստիպված են լինում հաշտություն խնդրել և ճանաչել Հայաստանի գերիշխանությունը գրավված թագավորությունների նկատմամբ: Բացի այդ նրանք Տիգրանին են զիջում «արքայից արքա» տիտղոսը, որը կրում էր [Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ]]-ն: Տիգրան Մեծը Մեծ Հայքին է միացնում Հյուսիսային Միջագետքի մի զգալի մասը՝ Մծբին կենտրոնով, որտեղ կառավարիչ է նշանակում իր եղբայր Գուրասին: Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները դառնում են Հայաստանի վասալներ, որոնք հարկ էին վճարում և պարտավոր էին զորքով օգնել Տիգրանին պատերազմի դեպքում: Տիգրանը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում իր վասալներից ամենահզորի՝ Ատրպատականի Միհրդատ թագավորի հետ բարեկամական կապերի հաստատման՝ կնության տալով վերջինիս իր աղջկան:
Հռոմի տիրապետությունն Արևելյան Միջերկրյայքում կանխելու նպատակով Տիգրան Մեծը սերտ կապեր է հաստատել Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավի հետ, որը մ.թ.ա. 83թ.-ին Սելևկյանների արքայական գահը հանձնել է նրան: Արքայի մտերիմներից Բագարատը դառնում է Անտիոքի կառավարիչ:[6] Միաժամանակ հայկական զորքերը տիրում են Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային՝ փաստորեն վերջ տալով Սելևկյան տերությանը (թեև հարավային Ասորիքի մի քանի քաղաքներոմ դեռ իշխում էր սելևկյանների մանկահասակ արքա Սելևկոս Է Փիլոմետորը): Հելլենիստական քաղաքներն ու դրանց բնակչությունը դարձել էր Տիգրան Մեծի անմիջական քաղաքական հենարանն Անտիոքում: Մ.թ.ա. 80-70-ական թթ.-ին Տիգրանը վարել է Պարթևաստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրյայքում Հռոմի ազդեցության վերացման ակտիվ քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ (մ.թ.ա. 81թ.), գրավել վերջինիս դաշնակից Կապադովկիան (մ.թ.ա. 78թ.):

Տիգրան Մեծի տերությունն իր հզորության գագաթնակետին

Պարթևների և Սելևկյանների դեմ տարած հաղթանակներից հետո Հայաստանը փաստորեն դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Տիգրան Մեծի կայսրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Արտաշատ և Անտիոք մայրաքաղաքները գտնվում էին այդ լայանածավալ տերության ծայրամասերում, այդ իսկ պատճառով (մ.թ.ա. 80-70թթ.) իր պետության կենտրոնական մասում՝ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում Տիգրանը կառուցում է նոր մայրաքաղաք , որն իր անունով կոչում է Տիգրանակերտ: Քաղաքը նա շրջապատում է 25 մետր բարձրությամբ լայն պարիսպներով, իսկ պարիսպներից դուրս կառուցում իր պալատը՝ շրջապատված հոյակապ այգիներով և պաշտպանված հզոր միջնաբերդով [7]: Տիգրանը քաղաքում է բնակեցնում Կապադովկիայի և Դաշտային Կիլիկիայի հելլենական քաղաքներից տեղահանված բազմաթիվ ռազմագերիների, ինչպես նաև Մեծ Հայքի այլ շրջանների բնակիչների. ենթադրվում է, որ Տիգրանակերտի բնակչություն կարող էր հասնել երեք հարյուր հազարի: Տիգրանին Մեծին է վերագրվում նաև հայկական մատենագրության մեջ հիշատակվող Տիգրանակերտ Ուտիք նահանգում, Տիգրանակերտ Արցախ նահանգում և Տիգրանակերտ Գողթն գավառում քաղաքների կառուցումը:
Ըստ երևույթին մ.թ.ա 73 թվից Տիգրանի տերության վիճակը սկսում է բարդանալ: Հարավային Ասորիքում և Փյունիկիայում ապստամբություն է բարձրանում Սելևկյան թագուհի Կլեոպատրա-Սելենեի և նրա որդի Անտիոքոս XIII-ի գլխավորությամբ: Բացի այդ պատերազմական գործողություններ են սկսվում Կելեսարիաում՝ Նաբաթեական թագավորության դեմ: Ենթադրվում է, որ Տիգրանը հաղթում է նաբաթեացիներին և գրավում ողջ Կելեսարիան՝ Դամասկոս մայրաքաղաքով: Պատերազմական գործողությունները Փյունիկիայում շարունակվում են մինչև մ.թ.ա 69թ. գարունը, երբ Տիգրանը երկար պաշարումից հետո գրավում է Պտղոմայիս քաղաքը և գերում Կլեոպատրա-Սելենե թագուհուն [8], որը հետագայում տեղափոխվում է մերձեփրատյան Սելևկիա բերդը և այնտեղ մահապատժի ենթարկվում[9]: Իր պետության սահմանների մոտ հայտնված մեծաթիվ հայկական զորքերից սարսափած հրեական թագուհին թանկարժեք նվերներով դեսպաններ է ուղարկում Տիգրանի մոտ և ընդունում նրա գերիշխանությունը[8]:
Այս պատերազմական գործողություններն ընթանում են ընդհատումներով, քանի որ Տիգրանը ստիպված է լինում շեղվել՝ ճնշելու համար ապստամբություններն իր տերության այլ շրջաններում: Նախ բուն Հայաստանում ավագանու մի մասի հետ ապստամբում է Տիգրանի որդին՝ թագաժառանգ Զարեհը: Այս ելույթն արագորեն ճնշվում է, իսկ Զարեհը՝ սպանվում[10]: Ապա մ.թ.ա 71թ. հռոմեացիների դրդմամբ ապստամբություն է բարձրացնում Կորդուքի արքա Զարբիենոսը: Սակայն այս ապստամբությունը ևս դաժանաբար ճնշվում է. հայկական զորքերը գրավում Փինակա բերդը և սրի քաշում Զարբիենոսի ողջ ընտանիքը[11]:
Մ.թ.ա 73 թվին սկսվում է երրորդ Միհրդատյան պատերազմը Հռոմի և Պոնտոսի թագավորության միջև: Սկզբնական շրջանում հաջողությունն ուղեկցում է Միհրդատին. նա հաղթում է հռոմեացիներին մի շարք ճակատամարտերում և գրավում Բյութանիան: Սակայն նրա կողմից պաշարված ծովափնյա Կիզիկոս քաղաքի պատերի տակ Միհրդատը ծանր պարտություն է կրում սենատի կողմից արևելք ուղարկված հայտնի զորավար Լուկոլլոսից և ստիպված լինում նահանջել Պոնտոս: Այստեղ նա փորձում է դիմադրություն կազմակերպել իրեն հետապնդող հռոմեական զորքերի դեմ, սակայն մ.թ.ա. 71թ. Կաբիրայի ճակատամարտում վերջնականապես պարտություն է կրում և ստիպված է լինում փոքրաթիվ զորքով փախչել Հայաստան: Տիգրանը, զբաղված լինելով հարավային Ասորիքում և Փյունիկիայում ընթացող մարտական գործողություններով, չի կարողանում օգնել իր դաշնակցին:Տիգրանը թեև ապաստան է տալիս Միհրդատին, սակայն, ըստ երևույթին, հռոմեացիների դեմ չեզոքություն պահպանելու հույսով չի հրավիրում նրան իր արքունիք, այլ թույլ է տալիս ապրել իր տերության ծայրամասային շրջաններից մեկում: Մյուս կողմից Տիգրանը մերժում է Լուկոլլոսի՝ իր մոտ ուղարկված դեսպանությանը, որը պահանջում էր հանձնել Միհրդատին հռոմեացիներին, բացատրելով մերժումն իր մոտիկ ազգակցական կապերով վերջինիս հետ:

Լուկոլլոսի արշավանքը

Մ.թ.ա. 69 թվականի գարնանը Լուկոլլոսի բանակը, անցնելով Եփրատը, Կապադովկիայի կողմից ներխուժեց Հայաստան: Դրանով իսկ սկսվեց հայ-հռոմեական պատերազմը, որը մանրամասն նկարագրված է հունա-հռոմեական պատմիչների՝ Ապիանոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլոց երկերում:
Հռոմեական բանակը, արագորեն անցնելով Ծոփքի տարածքով, անցնում է Տիգրիսը և մտնում բուն Հայաստանի տարածք [12]: Այստեղ Տիգրանի զորավարներից Միթրոբարզանեսը մոտ երեք հազարանոց հեծելազորով փորձում է կասեցնել հռոմեացիաների առաջխաղացումը, սակայն ջախջախվում է և զոհվում ճակատամարտում: Արագորեն շարժվելով դեպի արևելք՝ Լուկոլլոսը պաշարում է մայրաքաղաք Տիգրանակերտը, որի պաշտպանությունը երկար ժամանակ չի կարողանում հաղթահարել:
Լուկոլլոսի ներխուժման պահին Տիգրանն, ըստ երևույթին, գտնվում էր Ասորիքում՝ իր հերթին պատրաստվելով արշավանքի դեպի Փոքր Ասիա Կիլիկիայի վրայով: Ստանալով հարձակման մասին լուրը՝ Տիգրանը շտապում է դեպի հյուսիս և Տավրոսի լեռներում սկսում հավաքել մեծ բանակ հայերից և իր վասսալներից: Միևնույն ժամանակ նա Տիգրանակերտ է ուղարկում ծանր հեծելազորի վեց հազարանոց ջոկատ, որը հաջողությամբ ճեղքում է հռոմեացիների պաշարողական շղթան և դուրս բերում քաղաքից Տիգրանի կանանոցը և թագավորական գանձերը [13]: Լուկոլլոսն իր հերթին իր լեգատներից Մուրենային ուղարկում է Տավրոսի լեռները՝ դարանակալելու Տիգրանին օգնության շտապող զորքերին. Մուրենան կարողանում է ջախջախել արաբների մի զորախումբ և տիրանալ Տիգրանի գումակի մի մասին [14]:
Հավաքելով բոլոր դաշնակիցների և վասսալների զորքերը՝ Տիգրանը և Միհրդատը մեծ զորաբանակով անցնում են Տավրոսը և շարժվում դեպի Տիգրանակերտ: Ըստ Պլուտարքոսի, մոտենալով քաղաքին և տեսնելով հռոմեական համեմատաբար սակավաթիվ զորքը, Տիգրանն ասում է. «Եթե սրանք եկել են որպես դեսպաններ, ապա չափից դուրս շատ են, իսկ եթե որպես զինվորներ՝ քիչ են» [15]: Հայկական և հռոմեական զորքերի միջև ճակատամարտը, որը պատմության մեջ հայտնի է որպես Տիգրանակերտի ճակատամարտ, տեղի է ունենում մ.թ.ա.69 թ. հոկտեմբերի 6-ին: Չնայած ունեցած զգալի թվային գերակշռությանը (ժամանակակից պատմաբանների կողմից արժանահավատ են համարվում այն տեղեկությունները, ըստ որոնց Լուկոլլոսի բանակն ուներ մոտ քառասուն հազար, իսկ Տիգրանինը՝ ութսուն հազար զինվոր [16])՝ Տիգրանի զորքը ճակատամարտում ծանր պարտություն է կրում. Լուկոլլոսը հմուտ զորաշարժով կարողանում է իր լեգիոններով գրավել հայկական բանակի թիկունքում գտնվող բլուրներից մեկը և այնտեղից անսպասելի հարվածով խուճապ ստեղծել Տիգրանի բանակում, որի արդյունքում վերջինիս ահռելի զորքը ցրվում է:
Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Միհրդատը և Տիգրանը զորքի մնացորդների հետ նահանջում եմ Արտաշատի ուղղությամբ, իսկ Լուկոլլոսը չի հետապնդում նրանց և շարունակում է Տիգրանակերտի պաշարումը: Կարճ ժամանակ անց քաղաքի հույն բնակչությունը ապստամբում է և, գրավելով պարիսպների մի մասը, ներս թողնում հռոմեացիներին, որոնք գրավում և թալանում են քաղաքը:
Այս պարտությունները ճակատագրական նշանակություն են ունենում Տիգրանի տիրության համար: Ծոփքի, Կորդուքի, Կոմմագենեի և Օսրոենեի ավագանիները դեսպաններ են ուղարկում Լուկոլլոսի մոտ և ընդունում Հռոմի գերիշխանությունը, Ասորիքում գահ է բարձրանում Հռոմի դաշնակից Անտիոքոս ԺԳ-ն: Փաստորեն, մ.թ.ա 69թ. վերջից Տիգրան Մեծի մեծ տերությունը դադարում է գոյություն ունենալ:
Սակայն Տիգրանը և Միհրդատը չեն դադարեցնում պայքարը: Նրանք հավաքում են նոր բանակ, որի մարզումը հանձնարարվում է Միհրդատի զորավարներին: Բացի այդ նրանք սկսում են ամրացնել Արտաշատը՝ պատրաստվելով Լուկոլլոսի նոր հարձակմանը: Լուկոլլոսը ձմեռը և գարունը անցկացնում է իր նոր դաշնակից Կորդուքի տարածքում: Ամռանը նա որոշում է ավարտին հասցնել սկսված գործը և շարժվում Արտաշատի ուղղությամբ: Հռոմեական լեգիոնները կտրում են Տավրոսը, իջնում Մշո դաշտ և Արածանու հովտով շարժվում դեպի Արարատյան դաշտ: Տիգրանը շարժվում է հակառակորդին ընդառաջ. մ.թ.ա. 68թ. սեպտեմբերին Արածանի գետի ափին տեղի է ունենում երկրորդ խոշոր ճակատամարտը հայկական և հռոմեական զորքերի միջև: Ըստ Պլուտարքոսի, Լուկոլլոսը այս ճակատամարտում ևս ջախջախիչ հաղթանակ է տանում [17], սակայն իրականում հայկական զորքերը ծանր կորոստներ են պատճառում հռոմեացիներին [18] և արդյունքում ստիպում թշնամուն նահանջել:
Լուկոլլոսը նահանջում է դեպի Հյուսիսային Միջագետք և շրջապատում լավ պաշտպանված Մծբին քաղաքը, որի կայազորը գլխավորում էր Տիգրանի եղբայր Գուրասը: Լուկոլլոսը կարողանում է գրավել քաղաքը երկարատև պաշարումից հետո. ձմեռային մի գիշեր, օգտվելով տեղատարափ անձրև և փոթորկոտ եղանակից, հռոմեացիները հանկարծակի գրոհով գրավում են պարիսպների մի մասը և մտնում քաղաք: Գուրասը ապաստանում է քաղաքի միջնաբերդում, սակայն որոշ ժամանակ անց հանձնվում է և գերվում Լուկոլլոսի կողմից [19]: Լուկոլլոսի թուլացած զորքը ձմեռում է Հյուսիսային Միջագետքում և հաջորդ գարնանը նահանջում Փոքր Ասիա:
Միհրդատը և Տիգրանը չեն հետապնդում Լուկոլլոսին դեպի Հյուսիսային Միջագետք նահանջելիս, քանի որ Մծբինը համարվում էր անառիկ բերդաքաղաք [20]: Տիգրանը ձեռնամուխ է լինում Հայաստանի գրավված տարածքների ազատագրմանը, իսկ Միհրդատը հայկական և պոնտական զորքերով Փոքր Հայքի վրայով մտնում է իր թագավորության տարածքը: Մ.թ.ա. 67թ. գարնանը Զելայի մոտ ճակատամարտում հայ-պոնտական զորքերը ջախջախում են Լուկոլլոսի լեգատներից Տրիարիուսի գլխավորությամբ հռոմեական զորքերին [21]: Միևնույն ժամանակ Տիգրանի և դաշնակից Ատրպատականի թագավոր Միհրդատի զորքերը ներխուժում են Կապադովկիա՝ դուրս քշելով այնտեղից հռոմեացիներին [22]: Այս իրադարձություններից հետո Լուկոլլոսը հետ է կանչվում հռոմեական սենատի կողմից [23]:
Այսպիսով անփառունակ կերպով ավարտվում է Լուկոլլոսի արշավանքը: Տիգրանը և Միհրդատը ոչ միայն ազատագրում են հռոմեացիների կողմից գրավված տարածքները, այլև հերթական անգամ ասպատակում Կապադովկիան: Իհարկե, արշավանքի արդյունքում խիստ թուլանում են նաև Տիգրանի դիրքերը, որից չեն հապաղում օգտվել ներքին և արտաքին թշնամիները:

Պոմպեոսի արշավանքը և Արտաշատի պայմանագիրը

Մ.թ.ա. 67թ. աշնանը հռոմեական սենատը Լուկոլլոսի փոխարեն արտակարգ լիազորություններով արևելք է ուղարկում ականավոր ռազմական և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսին: Պոմպեոսը մ.թ.ա. 66թ. գարնանը մեծ բանակով ափ է իջնում Կիլիկիայում: Նա անմիջապես բանակցություններ է սկսում պարթևական թագավոր Հրահատ Գ-ի հետ և համաձայնության գալիս վերջինիս հետ՝ համոզելով հարձակվել Հայաստանի վրա [24]: Ինքը Պոմպեոսը մեծ ուժերով հարձակվում է Պոնտոսի վրա և պարտության մատնում Միհրդատ Եվպատորին: Վերջինս փոքր ուժերով փախչում է Կողքիս և ապա Բոսփոր, որտեղ էլ ինքնասպանությամբ վերջ է տալիս իր կյանքին: Պոնտոսը և Փոքր Հայքը նվաճվում են և դառնում հռոմեական պրովինցիաներ:
Ըստ երևույթին մ.թ.ա. 67թ. աշնանը Տիգրանի Մեծի դեմ հայկական ավագանու մի մասի հետ ապստամբում է նրա որդին՝ գահաժառանգ Տիգրան Կրտսերը: Տիգրան Մեծը կարողանում է ճնշել այս ապստամբությունը, բայց Տիգրան Կրտսերը փախչում է Պարթևաստան՝ Հրահատ Գ-ի մոտ: Տիգրանը մեծադրում է Միհրդատ Եվպատորին իր որդու (և Միհրդատի թոռանը) ապստամբության հրահրելու մեջ և խզում հարաբերությունները նրա հետ: Տիգրանը, մասնավորապես, չի թույլ տալիս Միհրդատին պատսպարվել Հայաստանում, ինչպես արել էր Լուկոլլոսի արշավանքի ժամանակ. Միհրդատի դեսպանները բանտ են նետվում և հետագայում հանձնվում հռոմեացիներին [25]:
Ըստ Պոմպեոսի հետ պայմանավորվածության, Հրահատ Գ-ն պարթևական մեծ զորքով Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ արշավում է դեպի Հայաստան՝ ըստ երևույթին մինչ այդ հպատակեցնելով Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները: Պարթևական զորքերը պաշարում են Արտաշատը: Քաղաքի պաշտպանությունը վստահելով կայազորին՝ Տիգրանը հեռանում է Հայաստանի լեռնային շրջաններ: Տեսնելով, որ Արտաշատի պաշարումը երկարում է, Հրահատը պարթևական զորքի մի մասով հեռանում է իր երկիրը: Դրանից անմիջապես հետո Տիգրան Մեծը իր հավաքած զորքերով ջախջախում է Տիգրանի Կրտսերի գլխավորած պարթևական զորքը. վերջինս ստիպված է լինում փախչել Պոմպեոսի մոտ [26]:
Միհրդատին վերջնական պարտության մատնելուց հետո մ.թ.ա. 66թ. աշնանը Պոմպեոսը հարձակվում է Հայաստանի վրա և շարժվում դեպի Արտաշատ: Տիգրան Մեծը, հայտնվելով ծանրագույն իրավիճակում, հասկանում է, որ չի կարող միայնակ կռվել միաժամանամ Հռոմի և Պարթևաստանի դեմ և որոշում է հաշտություն խնդրել Պոմպեոսից: Ըստ Պլուտարքոսի, երբ հռոմեական բանակը մոտենում է Արտաշատին, Տիգրանը միայնակ մտնում է հռոմեական ճամբար և իր թագը դնում Պոմպեոսի ոտքերի տակ [27]: Վերջինս սակայն արքայավայել է ընդունում Տիգրանին, և կարճ բանակցություններից հետո կողմերը գալիս են համաձայնության, որը հայ պատմագիտության մեջ ընդունված է կոչել Արտաշատի պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում էր հետևյալը.
  • Տիգրան Մեծը հրաժարվում էր Սիրիայից, Փյունիկիայից և Կիլիկիայից:
  • Տիգրան Կրտսերը պետք է դառնար Ծոփքի թագավոր՝ մնալով Տիգրան Մեծի գահաժառանգը: Տիգրան Մեծի մահվանից հետո նա պետք է դառնար երկու երկրների միասնական թագավոր:
  • Տիգրանը պետք է վճարեր 12000 տաղանդ ռազմատուգանք անձամբ Պոմպեոսին և նրա զինվորներին: Այս տուգանքը պետք է վճարվեր Ծոփքում գտնվող գանձարաններից:

Տիգրան Կրտսերը սակայն դժգոհ է մնում պայմանագրից, և Պոմպեոսը ի վերջո ստիպված է լինում շղթայել նրան և տանել իր հետ Հռոմ: Ծոփքը մնում է Տիգրան Մեծի թագավորության կազմում:
Արտաշատի հաշտության կնքումից հետո մ.թ.ա. 65թ. շարունակվում են պատերազմական գործողությունները հայերի և պարթևների միջև Կորդուքում և Հյուսիսային Միջագետքում: Պոմպեոսի հրամանով հռոմեական զորքերը դուրս են մղում այս շրջաններից պարթևներին և հանձնում տարածքները Տիգրանին:

 Կառավարման վերջին տասնամյակը

Տիգրան Մեծի կառավարման վերջին տասնամյակն անցել է համեմատաբար խաղաղ պայմաններում՝ առանց նկատելի իրադարձությունների: Ենթադրվում է, որ նրա որդի և նրան հաջորդած թագավոր Արտավազդ Բ-ն վերջին տարիներին եղել է գահակից-թագաժառանգ:



Комментариев нет:

Отправить комментарий